![]() |
|||
29.04.2008
Կայացավ Ջեսափի միջազգային մրցափուլից վերադարձած՝ հայաստանյան թիմի անդամների հանդիպումը մրցույթի կազմակերպիչների հետ
Կայացավ Վաշինգթոնից վերջերս վերադարձած «Ֆ. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին Հայաստանը ներկայացնող Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմի և Հայաստանում Ջեսափի մրցույթի կազմակերպիչների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին թիմի՝ միջազգային մրցափուլին մասնակցույթյան մանրամասները, ցուցաբերած արդյունքները և հայկական թիմերի կողմից լավագույն արդյունքներ ցուցաբերելուն խոչընդոտող հանգամանքները:
Չորս նախընտրական մրցափուլերում հանդես գալով Մեքսիկան, ԱՄՆ Վիրջինիայի համալսարանը, Բուլղարիան և Լիտվան ներկայացնող թիմերի դեմ՝ մեր թիմը կրել է պարտություն՝ հակառակորդ թիմերին զիջելով գնահատականների շատ փոքր տարբերությամբ:
Որպես առավել լավ արդյունքների հասնելու խոչընդոտ՝ թիմի անդամները նշում են դատավորների սուբյեկտիվիզմը, այն հյուրանոցում չբնակվելը, որտեղ անցկացվում է մրցույթը, լեզվական խնդիրը, հայաստանյան բուհերում միջազգային իրավունքը ոչ այնքան խորությամբ ուսումնասիրելը և դասավանդման նոր մեթոդներ ներմուծելու անհրաժեշտությունը:
Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս հայաստանյան թիմի համար որոշակի առումով խնդիր է հանդիսացել անգլերեն լեզուն՝ հատկապես հարցուպատասխանի ընթացքում:
Վերոնշյալ խնդիրների գոյությունը առաջացնում է անհրաժեշտություն ինչպես բուհերում կրթական ծրագրերի, այնպես ել Հայաստանում Ջեսափի մրցույթի անցկացման կարգի վերանայման, ինչը միայն կարող է նպաստել հայ իրավաբան-ուսանողների՝ միջազգային աշխատաշուկայում մրցունակ լինելուն: