![]() |
|||
16.07.2007
Կայացավ Հայաստանի Ջեսափի ակումբի հերթական նիստ

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի Ջեսափի ակումբի նիստ, որին մասնակցում էին մրցույթի կազմակերպիչները, մրցույթի դատավորներ, «2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմի անդամները:
Նիստի ընթացքում ակումբի համակարգող Արփինե Եղիկյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի Ջեսափի ակումբի տարեկան հաշվետվությունը` ամփոփելով ակումբի գործունեությունը` ուղղված հատկապես իրավաբան-ուսանողների շրջանում Ջեսափի մրցույթի մասսայականացմանը:
«2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող` Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմի կողմից ներկայացվեցին միջազգային մրցափուլում թիմի ցուցաբերած արդյունքները: Հաղթող թիմի անդամներն առավել գոհունակությամբ էին խոսում այն փաստի մասին, որ միջազգային մրցափուլի դատավորները ավելի ակտիվ են մասնակիցներին հարցեր տալու գործում, ինչը ստիպում է վերջիններիս լինել ավելի պատրաստված:
«2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի դատավոր Սարգիս Կնյազյանը, որն այս տարի որպես դատավոր մասնակցել էր նաև մրցույթի միջազգային մրցափուլին, ներկայացրեց հայաստանյան և միջազգային մրցափուլերի դատավորների և դատավարության ընդհանրություններն ու տարբերությունները` նշելով, որ կազմակերպական ու մրցույթի անցկացման մակարդակի առումով ազգային ու միջազգային մրցափուլերը գրեթե չեն տարբերվում:
Քննարկելով մրցույթի հայաստանյան մրցափուլի լիարժեք կայացմանը խոչընդոտող հանգամանքները` ակումբի մասնակիցները առանձնացրին հատկապես բուհերի մեծ մասում միջազգային իրավունքի մասնագետների բացակայությունը և իրավաբան-ուսանողների կողմից օտար լեզուներին չտիրապետելը, ինչն էլ խոչընդոտում է մրցույթին մասնակցող ուսանողների կողմից անհրաժեշտ նյութի ուսումնասիրությանը:
Հայաստանի Ջեսափի ակումբի նիստն ավարտվեց ակումբի նոր խորհրդի անդամների ընտրությամբ: Ակումբի խորհրդի անդամներ ընտրվեցին Լուսինե Աբգարյանը, Հրաչյա Մարանգուլյանը, Սարգիս Կնյազյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արա Խզմալյանը: