![]() |
|||
15.05.2007
Նախապատրաստվում են «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթին
Ջեսափի ակումբը շարունակում է իր Կանոնակարգով ամրագրված խնդիրների ու նպատակների իրականացմանն ուղղված գործունեությունը, որոնցից մեկը «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի մասսայականացումը, մրցույթի դերի և նշանակության կարևորության գիտակցմանն ու բարձրացմանն ուղղված գործունեությունն է: Այս խնդրի իրականացման նպատակով Ջեսափի ակումբի համակարգողը հանդիպումներ է ունեցել բազմաթիվ բուհերի իրավաբան-ուսանողների հետ` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Հանդիպումների ընթացքում ուսանողները դրսևորում էին բավականին մեծ ակտիվություն. ուսանողների մեծամասնությունը, նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում մրցույթի մասին, ցուցաբերում էին ոգևորություն և պատրաստակամություն մասնակցելու մրցույթին:
Հանդիպումների ընթացքում ուսանողներին ներկայացվեց մրցույթը, մրցույթի ստեղծման պատմությունը աշխարհում և Հայաստանում, հայաստանյան թիմերի կողմից մրցույթին մասնակցության կարգը: Բոլոր բուհերի ուսանողներին բաժանվեցին մրցույթի վերաբերյալ տպագրված` «Ջեսափի մրցույթը Հայաստանում և աշխարհում» խորագրով գրքույկը և Ջեսափի ակումբի լրատուները: Հանդիպումները հնարավորություն ընձեռեցին նաև վեր հանելու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան-ուսանողներին մասնակցելու մրցույթին: Բացահայտված խնդիրներն ունեին և սուբյեկտիվ, և օբյեկտիվ հիմքեր, սակայն հիմնական խնդիրները մրցույթի մանրամասների չիմացությունը և բուհերի մեծ մասում միջազգային իրավունքի մասնագետների բացակայությունն է:
Կարելի է ասել, որ բուհեր կատարված այցելությունները լուծեցին վերոնշյալ առաջին խնդիրը, և ստեղծվեցին անհրաժեշտ նախադրյալներ «Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի բարեհաջող անցկացմանը: