![]() |
|||
11.02.2007
Կայացավ 2007 թ.-ի Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլը
2007թ.-ի փետրվարի 10-ից 11-ը Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կայացավ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր մրցափուլի եզրափակիչը:
Մրցույթի նախնական մրցափուլերը կայացան Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում և Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում:
Դատախաղ-մրցույթի այս տարվա թեման վերաբերում է պետությունների` միջազգային կազմակերպություններին անդամակցությանը, անդամ և ոչ անդամ պետությունների միջև ծագած տարաձայնությունների լուծմանը:
Մրցույթի եզրափակիչ դուրս եկան Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի և «Եվրասիա» միջազգային համալսարանի թիմերը: Եզրափակիչ փուլի արդյունքում լավագույն հայցադիմում ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմի հայցադիմումը, իսկ լավագույն բանախոս մրցանակը ստացավ նույն թիմի ներկայացուցիչ Արա Խզմալյանը:
«2007 թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը: Վերջինս այս տարի գարնանը կմեկնի Վաշինգթոն` մասնակցելու մրցույթի միջազգային մրցափուլին:
Մրցույթի վերջում կայացավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում մասնակիցներին և մրցանակակիրներին շնորհվեցին համապատասխան վկայականներ:
Մրցույթի եզրափակիչին ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան hասարակայնության կապերի բաժնի ղեկավար պարոն Թոմաս Միթնախտը, որը մրցանակաբաշխության ժամանակ շնորհավորեց թիմերին, հաջողություն մաղթեց հաղթողներին և հույս հայտնեց, որ ԱՄՆ-ում կայանալիք միջազգային մրցափուլում հայաստանը ներկայացնելիս հաղթող թիմը կունենա ավելի լավ արդյունքներ:
Եզրափակիչի ժյուրիի անդամ, ՀՀ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Շահեն Ավագյանը իր ելույթում նշեց, որ հաղթող և պարտվող այս մրցույթում չի լինում, այն հավասարապես կարևոր է երկու թիմերի համար էլ` որպես մի գործընթաց, որը թույլ է տալիս լուրջ մասնագիտական զարգացում ապրել միջազգային իրավունքի ասպարեզում: Նա պատրաստակամություն հայտնեց թիմերին աջակցել գրականության ձեռքբերման հարցում` հնարավորություն տալով օգտվել ՀՀ Արտգործնախարարության գրադարանից:
Այս տարի մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ու «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Ազգային մրցափուլի հովանավորն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Մրցույթի կազմակերպմանն այս տարի աջակցել էր ՀՀ Դատական դեպարտամենտը: